«Անելիք բանկի» իրավաբան, 32-ամյա Հովհաննես Աթանյանի սպանության գործով դատական նիստերը չեն կայանում: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս քրեական գործով հերթական նիստը կրկին հետաձգվել է: NEWS.am-ի հետ զրույցում իրավաբանի սպանության մեջ մեղադրվող Մկրտիչ Պողոսյանի կինը՝  տիկին Կարինեն, նշեց, որ այս անգամ էլ նիստի հետաձգման պատճառը եղել է վկաների բացակայությունը:

Այս գործը դատարանում է գրեթե մեկ տարի, սակայն, այս ընթացքում ընդամնեը մի քանի նիստ է կայացել: Նշենք, որ գործը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը:

Գործով մեղադրյալ Մկրտիչ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ (Սպանությունը):

NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Վարդանանց փողոցում 2015թ. նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ի սահմանում, կրակոցներ են հնչել, ինչի հետեւանքով տեղում մահացել է «Անելիք բանկի» իրավաբան Հովհաննես Աթանյանը, պարզվել էր, որ սպանության մեջ կասկածվում է Մկրտիչ Պողոսյանը, որը  նոյեմբերի 25-ին հայտնաբերվել եւ կալանավորվել էր:

Հիշեցնենք, որ  NEWS.am-ի հետ զրույցում ավելի վաղ սպանված Հովհաննեսի աները՝ Սամվել Գրիգորյանը, պատմել էր, որ մի քանի տարի առաջ Մկրտիչ Պողոսյանը ֆինանսական խնդիրների պատճառով գրավադրել է իրեն պատկանող հյուրանոցը, իսկ երբ չի կարողացել մարել պարտքը, «Անելիք» բանկը, որի իրավաբանն էր Հովհաննես Աթանյանը, վաճառքի է հանել հյուրանոցը:

Տիկին Կարինեն մեզ հետ զրույցում նշել էր, որ իր ընտանիքին բանկը թալանել է եւ հենց այդ պատճառով է, որ ամուսինը գնացել է նման քայլի: Տիկին Կարինեի խոսքով՝  իրենց պատկանող «Անգելինա» ռեստորանի գույքի վաճառք է արվել  անօրինական ձեւով. «Հարյուր միլիոնի ապրանքի վաճառք են արել անօրինական ձեւով` հիպոթեքով ու բանկն ու իրենք գրավի առարկա են սարքել 80 անուն շարժական գույք»: