Նոյեմբերի 23-ին Իրաքում Հայաստանի դեսպան Մուրադ Մուրադյանն իր հավատարմագրերն է հանձնել Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիին, այնուհետեւ նրանց միջեւ առանձնազրույց է կայացել:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահ Թալաբանին ընդգծել է Հայաստանում Իրաքի դեսպանության բացման կարեւորությունը` հատկապես հաշվի առնելով, որ այժմ Հայաստանում բնակվում են բազմաթիվ Իրաքի քաղաքացիներ (իրաքահայեր):
Դեսպանը, շնորհավորելով նախագահ Թալաբանիին վերընտրվելու կապակցությամբ, փոխանցել է ՀՀ նախագահի բարեմաղթանքներն ու հրավերը այցելել Հայաստան: Դեսպանն ընդգծել է Հայաստանի եւ Իրաքի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ հայերի դարավոր ներկայությունը Իրաքում, նրանց ներդրումը երկրի զարգացման գործում, համատեղ ապրելու փորձը, փոխադարձ համակրանքը ամուր հիմք են ստեղծում այսօր առավել սերտացնելու հայ-իրաքյան բարեկամությունը եւ համագործակցությունը առեւտրատնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում:
Զրույցի ավարտին նախագահ Թալաբանին շնորհավորել է Հայաստանի դեսպանին նոր պաշտոնին անցնելու կապակցությամբ, հաջողություն մաղթել առաքելության իրականացման գործում եւ իր հերթին հրավիրել ՀՀ նախագահին այցելել Իրաք:





























