Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ պատերազմը ոչ ոք չէր վերապրի։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հարցազրույցից մի հատված հրապարակել է Showtime հեռուստաալիքը, որը Պուտինի ամբողջական հարցազրույցը կցուցադրի հունիսի 12-15-ը։

«Թեժ պատերազմի դեպքում ԱՄՆ-ն գերազանցություն կունենա՞ր»,- հարցրել է Սթոունը Ռուսաստանի նախագահին։ «Կարծում եմ, որ դա (պատերազմը-խմբ․) ոչ ոք չէր վերապրի»,- ասել է Պուտինը։

Variety.com պարբերականի տվյալներով, հարցազրույցի պատրաստման ընթացքում Պուտինն ու Սթոունը դիտել են ռեժիսոր Սթենլի Քուբրիկի «Բժիշկ Սթրեյնջլավ, կամ ինչպես ես դադարեցի պայքարել ու սիրեցի ռումբը» հայտնի գեղարվեստական ֆիլմը, որը պատմում է ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջեւ հիպոթեթիկ միջուկային հակամարտության մասին։