«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջերս ինձ հանդիպած մի անծանոթ համոզում էր պայքար ծավալել բոլոր տեսակի սերիալների դեմ, որովհետեւ դրանք փոխում են «հայի գենետիկ կոդը եւ ընդհանրապես ցեղասպանություն են»: Ես հրաժարվեցի, նախ՝ այն պատճառով, որ երբեք ոչ մի բանի եւ ոչ մեկի դեմ պայքար չեմ ծավալել: Իսկ մասնավորապես՝ չեմ կարծում, որ պետք է պայքար ծավալել մարդկանց նախասիրությունների դեմ:
Որպես օրինակ վերցնենք թեկուզ կրոնը: Իմ շրջապատում կան է՛լ աթեիստներ, է՛լ ագնոստիկներ: Աթեիստները չեն հավատում, ագնոստիկները կասկածում են: Իհարկե, կասկածողներն ինձ ավելի մոտ են, քան չհավատացողները: Չնայած ես չեմ էլ կասկածում, որ հենց Քրիստոնեությունն է, իսկ ավելի կոնկրետ՝ առաքելական հավատն է լավագույնս հնարավորություն տալիս մարդուն գտնել ներքին ներդաշնակությունը, բայց ես չեմ կարող «դատավճիռներ կայացնել» այն մարդկանց հանդեպ, որոնք չեն հավատում կամ կասկածում են:
Եվ այդ չափանիշներով մոտենում եմ մարդկանց բոլոր դրսեւորումներին, որոնք կարող են չհամընկնել իմ նախասիրությունների հետ: Դրանք հանդուրժելի են այնքանով, որքանով չեն հակասում ուխտական օրենքներին: Օրինակ՝ մեր պետության օրենքները չեն արգելում լինել Ստալինի երկրպագու: Ինձ Ստալինը դուր չի գալիս, բայց եթե մեկը նրան հավանում է՝ իր գործն է: Այ, եթե նա ցանկանա համակենտրոնացման ճամբարներ ստեղծել եւ այնտեղ տանջելով ոչնչացնել միլիոնավոր մարդկանց, դա արդեն կդադարի իր գործը լինելուց, եւ այս առումով իր կուռքի գաղափարներին հետեւելը կդառնա անօրինական: Իսկ այսպես՝ վերացական ձեւով հիանալ «ուժեղ ձեռքով», կարծում եմ՝ ամեն մեկի անձնական գործն է:
Ես վստահ եմ, որ մարդկանց պետք է տալ ազատություններ, որոնք սահմանափակվում են միայն օրենքներով: Բայց եթե մեկն ասում է՝ «այս ձեր դեմոկրատիայով դուք ազգի հերն անիծեցիք», դա էլ է մոտեցում, որը հարգանքի է արժանի: Ուրեմն նա պետք է առաջարկի, թե որտեղ, որ չափով է պետք անօրինական ձեւով սահմանափակել մարդու ազատությունը, եւ ով է լինելու սահմանափակողը:
Մարդկանց համոզմունքները, գաղափարները, հավատքը, մաշկի գույնը, ազգությունը, ճաշակը, նախասիրությունները նրա անձնական գործն են, եւ նա իրավունք ունի ապրելու այնպես, ինչպես ուզում է:
Նա կարող է նաեւ դիտել եւ լսել այն, ինչ ուզում է: Եվ երբ ինձ առաջարկում են ինչ-որ բան արգելել՝ հանուն «ազգի շահի», ես սկսում եմ կասկածել՝ իսկ գուցե այստեղ ոչ թե «ազգի շահերն» են դեր խաղում, այլ անձնական, խմբակային եւ ինչու չէ, նաեւ կոմերցիոն շահերը: Այնպես որ, իմ զրուցակցին ես բացատրեցի, որ ոչ մի պայքար սերիալների դեմ չեմ ծավալի, եւ ես ոչ մեկի ճաշակին դատավոր չեմ:
Ի դեպ, մենք տանը նույնպես սերիալ ենք նայում: Երբ ազատ մեկուկես ժամ է լինում (սովորաբար շաբաթ եւ կիրակի օրերին), մենք նայում ենք ամերիկյան հին սերիալ լեյտենանտ Կոլոմբոյի մասին: Պիտեր Ֆալկը ստեղծել է տաղանդավոր մարդու կերպար, որը կոնկրետ ինձ մի կողմից սովորեցնում է լինել կյանքում համեստ, պարզ, հասարակ, իսկ մյուս կողմից՝ ուշադիր լինել բոլոր մանրունքների նկատմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























