Հռոմում այսօր՝ հունիսի 7-ին, կայացել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Իտալիայի արտաքին գործերի եւ միջազգային համագործակցության նախարար Անջելինո Ալֆանոյի հանդիպումը:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել, որ երկու երկրները հազարամյակների բարեկամության պատմություն ունեն, ինչն ամուր հիմք է հանդիսանում տարբեր ոլորտներում համագործակցությունը առավել խորացնելու եւ ամրապնդելու համար. «Ես համոզված եմ, որ անցյալը ապագան կառուցելու լավագույն հիմքն է, եւ այս բանաձեւը դրված է մեր հարաբերությունների հիմքում»։
Նախարարները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 25 տարիների ընթացքում երկու երկրներին հաջողվել է ձեւավորել ակտիվ քաղաքական երկխոսություն եւ խորացնել փոխգործակցությունը տարբեր բնագավառներում:
Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարները քննարկել են երկկողմ եւ բազմակողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ:
Էդվարդ Նալբանդյանը եւ Անջելինո Ալֆանոն էական ձեռքբերում են համարել նույն օրը հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի աշխատանքների անցկացումը՝ վստահություն հայտնելով, որ այն նոր խթան կհաղորդի երկու երկրների միջեւ հաստատված փոխշահավետ համագործակցությանը:
Քննարկվել են տարբեր ոլորտներում երկու պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ձեռնարկվելիք քայլերը: Անդրադարձ է արվել0 միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության սերտացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, արտգործնախարարությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների անցկացման հարցերին։
Նախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ առկա գործարար կապերի ընդլայնման շուրջ՝ այդ առումով կարեւորելով երկու հարյուրից ավել գործարարների մասնակցությամբ բիզնես ֆորումի անցկացումը Հռոմում։
Կարեւորվել է կրթության, գիտության, մշակույթի, պատմական հուշարձանների պահպանման ոլորտներում համագործակցության շարունակական ամրապնդումը: Այս առումով արժեւորվել է անցյալ տարի Իտալիայի ԱԳ նախկին նախարար, ներկայիս վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի՝ Հայաստան կատարած այցի ընթացքում Հայաստանում մշակութային ժառանգության պահպանման եւ վերականգնման տարածաշրջանային կենտրոն հիմնելու մասին համատեղ հայտարարության ստորագրումը։
Հայաստանի եւ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարեւորել են Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իտալական զորախմբի կազմում հայ խաղաղապահների մասնակցությունը:
Հանդիպման օրակարգում էր Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է վերջերս Բրյուսել կատարած իր այցելության, Հայաստան-Եվրոպական միություն խորհրդի արդյունքները։ Երկուստեք կարեւորվել են աշնանը ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախատեսվող ստորագրումը:
Կողմերն անդրադարձ են կատարարել միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ խնդիրների:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ում գալիք տարի Իտալիայի նախագահության առաջնայնությունների եւ այդ կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ։
Էդվարդ Նալաբանդյանը ներկայացրել է Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ։
Հայաստանի եւ Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են Մերձավոր Արեւելքում, Սիրիայում, Իրաքում տեղի ունեցող զարգացումներին, միգրացիոն հոսքերին, ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին։
Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի եւ բանակցությունների արդյունքներով Էդվարդ Նալբանդյանը եւ Անջելինո Ալֆանոն հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:





























