Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր՝ հունիսի 7-ին, մասնակցել է Փարիզում «Հարկման բազայի քայքայումը եւ շահույթի տեղափոխումը կանխելու նպատակով հարկային պայմանագրին առնչվող միջոցառումների իրականացման վերաբերյալ» բազմակողմ կոնվենցիայի ստորագրման արարողությանը:
Ֆինանսների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կոնվենցիայի տեքստը մշակվել եւ ընդունվել է Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկվող բազայի խեղաթյուրում եւ շահույթների տեղաշարժ (արտահանում) ծրագրի (BEPS) անդամ հանդիսացող 99 երկրների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբի կողմից եւ հանդիսանում է այդ ծրագրի 15-րդ գործողությունը:
«Կոնվենցիայի ստորագրումը թույլ է տալիս փաստաթուղթը ստորագրած բոլոր երկրների հարկ վճարողների համար սահմանել կրկնակի հարկման համաձայնագրերի որոշ դրույթների կիրառման միասնական մոտեցումներ, որոնք էլ ավելի արդյունավետ կդարձնեն հարկեր չվճարելու դեմ պայքարը:
Այն նաեւ ենթադրում է միջազգային համագործակցության ոլորտում հուսալի գործընկեր հանդիսացող երկրի կարգավիճակի ձեռքբերում»,-հայտնել են նախարարությունից:





























