Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի նախկին տնօրեն, շուրջ 36 մլն դրամ յուրացնելու մեջ մեղադրվող Գայանե Մարգարյանը, որը փետրվարի 3-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էր արձակվել, ապա Վերաքննիչի որոշմամբ կալանավորվել, կմնա կալանքի տակ Վճռաբեկ դատարանի որոշմամբ:

Վճռաբեկը մերժել է Գայանե Մարգարյանի պաշտպան Գագիկ Խաչիկյանի բողոքը վարույթ ընդունելը:

Նշենք, որ Գայանե Մարգարյանը 2014թ. նոյեմբերից գտնվում էր կալանքի տակ: 2017թ. փետրվարին առաջին ատյանի դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել նրան, սակայն 1.5 ամիս անց Վերաքննիչը բեկանեց այդ որոշումն ու կալանավորեց դպրոցի նախկին տնօրենին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ դպրոցի արդեն նախկին տնօրեն Գայանե Մարգարյանը ուղիղ 10 տարի պարբերաբար, առանց աշխատանքի ընդունելու մտադրության` շահադիտական նպատակով, կազմել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող, իսկ 2007 թվականի սեպտեմբերից կազմակերպության կադրերի գծով տեսուչ Արաքս Հովսեփյանին է հանձնարարել կազմել հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող ընդհանուր 16 անձի հետ աշխատանքային կեղծ պայմանագրեր: Այնուհետեւ նա անձամբ հաստատել է կեղծ պայմանագրերը, հրամանագրել է հաստատությունում փաստացի աշխատանքի չհաճախող 16 անձ, որից հետո Արաքս Հովսեփյանի եւ Փառանձեմ Մարտիրոսյանի հետ աշխատավարձի հաշվարկի պաշտոնեական կեղծ փաստաթղթեր: Դպրոցի այս երեք աշխատակիցները ելքագրել են 36 մլն 370 հազար ՀՀ դրամ:

Գայանե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետով: Փառանձեմ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով: Արաքս Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-314-րդ հոդվածի 1-ին մասով:

Գործը դատարան է ուղարկվել 2015թ.-ի աշնանը, մինչեւ հիմա դատաքննություն է ընթանում: