ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմին հավաստիացնում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է իրենից նվիրվածություն «անձամբ իրեն»։ Այս մասին ասվում է Քոմիի գրավոր ցուցմունքներում, որոնք հասցեագրված էին Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովին, հայտնում է BBC-ը։
Իր ցուցմունքներում Քոմին նկարագրում է հունվարի 27-ին Թրամփի հետ իր ընթրիքը, որի ընթացքում նրա մոտ տպավորություն էր ստեղծվել, որ Թրամփն ուզում է ՀԴԲ-ի հետ «հովանավորչական հարաբերություններ» սահմանել։ Քոմին նշել է, որ դա առաջացրել էր իր մտահոգությունը՝ հաշվի առնելով ՀԴԲ-ի անկախ կարգավիճակը։ Քոմին նշում է, որ Թրամփը դիմել է իրեն հետեւյալ բառերով․ «Ինձ պետք է նվիրվածություն։ Ես ակնկալում եմ նվիրվածություն»։
Բացի դրանից, Քոմին հայտնել է, որ Թրամփն ակնարկել էր, որ ՀԴԲ-ն դադարեցնի իր խորհրդական Մայքլ Ֆլինի նկատմամբ հետաքննությունը, որին նախագահը անվանել էր «լավ տղա», որին «կարելի է հանգիստ թողնել» ։ Նաեւ Քոմին պատմել է մարտի 30-ին Թրամփի հետ զրույցի մասին, որի ընթացքում վերջինն ասել էր, որ Ռուսաստանի հետ իր ենթադրյալ կապերի մասին քննությունը «խանգարում է իրեն կառավարել երկիրը»։
Նշենք, որ հունիսի 8-ին Քոմին պետք է պատասխանի ԱՄՆ սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի անդամների հարցերին՝ 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության ու այդ գործունեությանը Թրամփի նախընտրական շտաբի անդամների հնարավոր մասնակցության հետաքննության շրջանակում։





























