Հայաստանի մարզերին սպանդանոցներ են անհրաժեշտ՝ որակյալ մսամթերք եւ առողջ բնակչություն ունենալու համար։ Այս մասին հունիսի 8-ին Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա հանձնարարեց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին եւ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին մեկ ամսում  առաջարկություն ներկայացնել մարզերում նոր սպանդանոցներ ձեւավորելու հնարավությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ մարտին ընդունված կառավարության որոշման համաձայն՝ կենդանիների մորթ պետք է կատարվի բացառապես սպանդանոցային պայմաններում։ Պետական գնումների համար պահանջն ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 1-ից։ Տեղական մսամթերքի եւ մսի արտադրողների ու արտահանողների համար այն կգործի նոյեմբերի 1-ից։

2018 թվականի մարտի 1-ից պահանջն ուժի մեջ կմտի շուկաների համար, ապրիլի 1-ից՝ մայրաքաղաքում առկա հասարակական սննդի կետերի համար։ Վերջապես, 2018 թվականի հունիսի 1-ից եւ հուլիսի 1-ից միս միայն սպանդանոցներից պետք է գնեն մարզերում գործող հասարակական սննդի կետերը։