Բեռլինի Հենրիխ Բյոլի անվան հիմնադրամում կայացել է Հայոց ցեղասպանության մեջ կայսերական Գերմանիայի դերակատարմանը նվիրված գիտական հոդվածների հավաքածուի շնորհանդեսը, գրում է DW-ը։

Այս թեման արդիական է դարձել այն բանից հետո, երբ բունդեսթագը մեկ տարի առաջ ընդունել է բանաձեւ, որով առաջին անգամ ու պետական մակարդակի վրա ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այդ բանաձեւը դուր չէր եկել Թուրքիային ու դարձել էր գերմանա-թուրքական հարաբերությունների կտրուկ սառեցման պատճառներից մեկը։

Ի՞նչ գիտեին Բեռլինում 1915-ին

Պարզվում է, Բեռլինում 1915-ին շատ բան գիտեին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների ու աքսորի մասին։ Պատմական Քրիստին Պշիխխոլցը Գերմանիայի ԱԳՆ-ի արխիվում գտել է ապացույց, որ կայսերական Գերմանիայի կառավարությունը ոչ միայն հոյակապ տեղեկացված էր այդ իրադարձությունների մասին, այլեւ հասկանում էր, որ Օսմանյան կայսրությունից հայերի աքսորի ռազմական անհրաժեշտության մասին երիտթուրքերի վստահեցումներն անհիմն են։

Գերմանիան, պատմում է Պշիխհոլցը, Օսմանյան կայսրությունում ուներ հյուպատոսական հաստատությունների մեծ ցանց, որի աշխատակիցները Բեռլինին զեկուցում էին հայերի դրության մասին։ Ընդ որում ոչ միայն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, այլեւ դրանից առաջ։ Այնպես որ Գերմանիայի կառավարությունը գիտեր, թե ինչ բարդ դրության մեջ էր հայ բնակչությունը ու որքան պայթյունավտանգ էր իրավիճակը։

Հավաքածուի շնորհանդեսի ժամանակ Հայոց ցեղասպանության հետազոտության գերմանական կենտրոնի ղեկավար Ռոլֆ Հոսֆելդը մեջբերել էր մի զեկույց, որը 1915-ի հուլիսի 7-ին Կոնստանդնուպոլսից Բեռլին էր ուղարկել գերմանացի դեսպանը։ Դիվանագետը գրում էր, որ թուրքական իշխանությունների նպատակն է հայկական ռասայի ոչնչացումը Օսմանյան կայսրությունում։ Նույնատիպ գնահատականներ կանոնավոր տրվել են նաեւ հետագա զեկույցներում։

Գերմանացի դիվանագետները, նրա խոսքով, բավականին ճշգրիտ նկարագրել են այն, ինչ հետագայում կոչվեց ցեղասպանություն։ Նույնիսկ ռազմատենչ Գերմանիայում, Հոսֆելդի խոսքով, չէին համարում, որ այդ միջոցառումները ռազմական իմաստ ունեն։

Բեռլինը անգործ չի մնացել

Վերոնշյալ բանաձեւում գերմանացի խորհրդարանականները ոչ միայն 1915-1916թթ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած զանգվածային կոտորածները Ցեղասպանություն են կոչել, այլեւ նշել դրա համար Գերմանիայի պատասխանատվությունը, որը այն ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր։

Պատգամավորները համարել են, որ Բեռլինը չի ձեռնարկել ոչինչ, հայերի աքսորն ու սպանությունները դադարեցնելու համար։ Սակայն պատմաբանները պարզել են, որ դա այդպես չէ։ Կամ էլ այդքան էլ այդպես չէ։  Քրիստին Պշիխխոլցն ընդունում է, որ Բեռլինն այդ ժամանակ համարում էր, որ Գերմանիան ու Օսմանյան կայսրությունը համատեղ պայքարում են Անտանտայի դեմ ու դրա համար էլ ակտիվ չեր հակազդում հայերի նկատմամբ բռնություններին։ Բայցեւայնպես գերմանացի դիվանագետներն ու զինվորականները որոշ քայլեր ձեռնարկել էին։

Օրինակ սպաներից մի քանիսը կարողացել էին խոչընդոտել մի խումբ հայերի աքսորին, իսկ որոշ զինվորներ նրանց օգնել են, գումար են փոխանցել, օգնել փախչել։ Եղել են նաեւ սպանությունները կանխելու դիվանագիտական փորձեր, պատմում է նա, գերմանացի դիվանագետները իրենց վրդովմունքն են հայտնել իրենց նոտաներում, բայց ապարդյուն։

 Հայերի հետապնդումների դեմ Գերմանիայի կառավարության ու դեսպանատան բազմաթիվ բողոքներին միայն մեկ պատասխան է ստացվել։ 1915-ի դեկտեմբերին, պատմում է Ռոլֆ Հոսֆելդը, Օսմանյան կայսրության կառավարությունը Գերմանիային պաշտոնապես հայտնել էր իր ներքին գործերին միջամտելու անթույլատրելիության մասին։ «Մի կարծեք, թե 1915-ին Օսմանյան կայսրությունը գերմանական կիսագաղութի պես մի բան էր»,- ասում է Հոսֆելդը։

Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոսթը

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո Գերմանիայում սկսեցին մոռանալ Հայոց ցեղասպանության մասին, բայց հետո դրա մասին հիշեցին ուժ հավաքած նացիոնալ սոցիալիստները։ Իրենց թերթերի ու ամսագրերի էջերին նրանք սկսեցին ոչ թե հերքել ցեղասպանության փաստը, այլեւ այն ներկայացնել որպես ազգաբնակչության ժամանակակից քաղաքականության թույլատրելի մեթոդ։ Այս թեմայով մի հոդված են գտել նացիստական ամսագրում, որը թողարկվել էր դեռ 1923-ից էլ առաջ։

«Հիտլերի պատկերացւոմով՝ Հայոց ցեղասպանության գաղափարակիր Էնվեր փաշան մի մարդ էր, որը մաքրել էր ազգը,- բացատրում է Հոսֆելդը,- Էթնիկ զտման ու դրան բնորոշ բռնությունների այդ գաղափարը սկզբից եւեթ եղել է նացիոնալ սոցիալիստների գաղափարախոսության մի մասը»։ Ըստ պատմաբանի՝ հայերի զանգվածային ոչնչացումը Օսմանյան կայսրությունում Հիտլերին դրդել էր այն մտքին, որ նման մեթոդը կիրառելի է նաեւ Գերմանիայում՝ հրեաների նկատմամբ։