Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պնդում է, որ Ֆիրդուսի շուկայի առեւտրականները դեռեւս մեկ տարի առաջ են տեղեկացվել, որ պետք է հեռանան տարածքից:
Այսօր՝ հունիսի 9-ին, Երեւանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում Տարոն Մարգարյանը նշեց, որ առեւտրականների հետ բանակցում են արդեն 15-20 օր:
«Իմ տեղակալ Դավիթ Օհանյանը բանակցում է առեւտրականների հետ: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ էլ ես հայտարարել եմ, որ մեր առեւտրականների համար պետք է ստեղծենք հարմարավետություն՝ իրենց առեւտուրն իրականացնելու համար: Մենք դեմ ենք, որ առեւտուր իրականացնողին փորձենք միանգամից արգելել, մենք բանակցում ենք այլ շուկաների հետ, որ անվճար կամ հարմար տեղեր հատկացնեն»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Ֆիրդուսի փողոցում արդեն 20 տարուց ավելի գործող շուկայի առեւտրականներն ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էին, որ լրատվամիջոցներից են տեղեկացել, որ մեկ շաբաթից պետք է ազատեն տարածքը:
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հունիսի 5-ին հանձնարարել է առեւտրականներին տեղափոխել առեւտրային այլ տարածքներ: Հաջորդ օրը փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանն է տեղում հանդիպել առեւտրականներին եւ հայտնել, որ նախ եւ առաջ պետք է առեւտուր իրականացվի միայն փակ տարածքներում, իսկ նրանք, որոնք առեւտուր են անում դրսում, պետք է հավաքեն իրերն ու հեռանան: Թե ուր պետք է գնալ, Երեւանի քաղաքապետարանը երկու տարբերակ է առաջարկում՝ Խաչատուր Սուքիասյանի հիմնած «Երեւան» տոնավաճառն ու Գագիկ Ծառուկյանի «Առինջ մոլը»: Այս տոնավաճառներից եւ ոչ մեկը ֆիրդուսցիների սրտով չէ: Նրանք նշում են, որ շուրջ 15 տարի է՝ հենց Ֆիրդուսի շուկայում են առեւտուր անում, ունեն իրենց հաճախորդները, ինչպես նաեւ իրենց վաճառած ապրանքն այլ շուկաներում ոչ ոք չի գնի:





























