Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մտադիր է նոր կառավարությունը ձեւավորել Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության աջակցությամբ, որպեսզի քաղաքական վստահություն ապահովի եւ Բրիտանիային Եվրամիության հետ բանակցություններին տանի Brexit-ի հաջող գործարքի ապահովման նպատակով: Այս մասին Մեյն ասել է հայտարարությամբ ելույթ ունենալով Դաունինգ սթրիթում:

Մեյը նշել է, որ խորհրդարանում կարող է Հյուսիսային Իռլանդիայի յունիոնիստների Դեմոկրատական կուսակցությունում իր «բարեկամների» աջակցության հույս ունենալ այն բանից հետո, երբ թորիները չկարողացան խորհրդարանում բացարձակ մեծամասնություն ստանալ: «Երկու կուսակցությունները երկար տարիներ համագործակցել են, եւ սա ինձ վստահություն է տալիս, որ մենք կկարողանանք միասին աշխատել ամբողջ Միացյալ Թագավորության շահերի համար»,- նշել է նա:

Մեյն ընդգծել է, որ մտադիր է Brexit-ն իրականացնել: «Հաջորդ 5 տարիներին մենք երկիր կկառուցենք, որտեղ ոչ մեկը եւ ոչ մի համայնք մեր ուշադրությունից դուրս չեն մնա»:

Դեմոկրատական յունիոնիստական կուսակցությունը քաղաքական կուսակցություն է, որը գործում է Հյուսիսային Իռլանդիայում: Կուսակցությունը հանդես է գալիս Մեծ Բրիտանիայի կազմում Օլսթերի մնալու օգտին: