«Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում բուսասանիտարական հավաստագիրը պետք է տրամադրվի առավելագույնը 20 րոպեում:

Սննդի անվտանգության պետական պառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԱՊԾ-ում հանձնարարական է տրվել հետևել, որպեսզի գործընթացը կատարվի ճիշտ ժամանակում՝ հաշվի առնելով, որ հիմա արտահանվում են շուտ փչացող ապրանքատեսակներ՝ ծիրան, կեռաս:

Նման արագ ընթացակարգ ենթադրվում է  արտահանվող արտադրանքի խմբաքանակն ակնադիտական զննման ենթարկելու արդյունքում բույսերի վնասակար օրգանիզմներ (նշաններ) չհայտնաբերելու դեպքում:

Որոշակի պարբերականությամբ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերին կտրվեն հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք պետք է հաշվի առնվեն սահմանային վերահսկողության ժամանակ և, եթե տվյալ խմբաքանակի արտադրավայրում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտանբերվել, ակնադիտական զննումից հետո բուսասանիտարական հավաստագիրը պետք է տրամադրվի անմիջապես:

Հակառակ պարագայում տվյալ բեռն ուղարկվում է լաբորատոր փորձաքննության: Նշվում է, որ լաբորատոր հետազոտությունը կատարվում է առաջին հերթին տնտեսավարողի շահերից ելնելով՝ կանխելու նպատակով արտահանվող արտադրանքի հետ վերադարձը կամ դրա ոչնչացումը ներմուծող երկրի կողմից, նաև՝ արտահանող երկրի նկատմամբ սահմանափակող գործողություններ կիրառելու հնարավորությունը:

Վերոնշյալ հնարավոր խնդիրներից խուսափելու համար հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել օպերատիվ և իրականացնել պատշաճ մակարդակով:

Արտահանման համար բուսասանիտարական հավաստագրեր կարող են ստանալ ՍԱՊԾ Երևանի, « Զվարթնոց» օդանավակայանի, Բագրատաշենի, Ագարակի, Գոգավանի Բավրայի, Գյումրու և Այրումի սահմանային հսկիչ կետերում և աջակցության համար զանգահարել Ծառայության թեժ գծին՝ 010 206040 հեռախոսահամարով կամ այցելել սպասարկման կենտրոն՝ Կոմիտաս 49/2 հասցեով: