Հունիսի 12-ին կարկուտ հիմնականում տեղացել է Արմավիրի մարզում: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:

Ըստ նախարարության՝ Շիրակի մարզում թեթեւ կարկուտ է տեղացել, իսկ Արմավիրում հիմնականում Էջմիածինի տարածաշրջանի շուրջ ինը գյուղում, այդ թվում Մրգաստան, Արշալույս, Շահումյան, Այգեշատ, Ամբերդ, Դողս, Դաշտ համայնքներում: Վնասի ծավալների մասին դեռեւս հստակ տեղեկություն չկա: Գյուղնախարարության ներկայացուցիչները  Արմավիրի մարզպետի հետ այս պահին շրջում են գյուղերում եւ արձանագրում վնասի չափը: Մարզպետարանը հանձնաժողով է կազմել, որը  գյուղացիների կրած վնասի մասին ավելի ուշ տեղեկություն կհայտնի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արմավիրի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ այսօր՝ հունիսի 13-ի առավոտյան փակել են Երեւան-Արմավիր ավտոճանապարհի՝ Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածը՝ ի նշան բողոքի երեկ՝ հունիսի 12-ին, տեղի ունեցած ուժեղ անձրեւի ու կարկուտի հետեւանքով առաջացած վնասների փոխհատուցման համար։