Մի խումբ լրագրողներ, խմբագիրներ եւ շարքային քաղաքացիներ քիչ առաջ բողոքի ակցիա անցկացրեցին Հանրապետության հրապարակի գորգի վրա՝ի  պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի։ Ակցիայի մասնակիցները պարզել էին Նիկոլ Փաշինյանի նկարով պաստառեր եւ շրջան էին կազմել Հանրապետության հրապարակի կենտրոնում: Այդ վայրով անցուդարձ անող ավտոմեքենաների եւ քաղաքային տրանսպորտի վարորդներից եւ ուղեւորներից շատերը իրենց աջակցությունն էին հայտնում ակցիայի մասնակիցներին՝ թափահարելով ձեռքները: Մի վարորդ էլ նույնիսկ մեքենայի ընթացքի ժամանակ պարզեց հեռախոսը, որով միացված էր Շարժման մեղեդիներից մեկը:

Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, ներկաներին ասաց, որ Նիկոլը շարունակում է ապօրինաբար պահվել «Կոշ» ՔԿՀ-ի պատժախցում։ Նա նշեց, որ ամուսնու տրամադրությունն ամենեւին էլ չի ընկել, թեեւ նրա վրա վերջերս հարձակում էր տեղի ունեցել անհայտ անձանց կողմից: «Թեեւ վերջին տեսակցության ժամանակ նրա վրա կապտուկներ կային, բայց իրեն լավ էր զգում, տրամադրությունն էլ բարձր էր, մարտական»,-հայտարարեց Աննա Հակոբյանը եւ  հավելեց, որ Նիկոլը պատժախցից դուրս կբերվի դեկտեմբերի 2-ին: Իսկ ակցիայի նպատակը «ՀԺ»-ի գլխավոր խմբագրի անվտանգության ապահովմանն ու ազատ արձակմանը հասնելն է: «Սրանք կաթիլ, կաթիլ հավաքվող ակցիաներն են, որոնց արդյունքում ակնկալում ենք հասնել Նիկոլ Փաշինյանի ազատությանը»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «ՀԺ» թողարկման պատասխանատու Հայկ Գեւոգյանը՝ պատասխանելով հարցին՝ որքա՞ն է գնահատում նմանատիպ ակցիաների արդյունավետությունը:

Նա նաեւ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ամուր բարոյահոգեբանական վիճակում է, եւ նրան վհատեցնել, տխրեցնել հնարավոր չէ: «Այդ մասին շատ լավ գիտեն իշխանությունները, դրա համար էլ անցել են այլ մեթոդների՝ սպառնալիքների, ֆիզիկական հարձակումների եւ մեր այստեղ լինելը հենց այդ երեւույթները կանխելու նպատակ ունի»,-ասաց Գեւորգյանը: Իսկ իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հայտարարեց. «Այս իշխանությունները ձերբակալել են 150 մարդ, իսկ այժմ բանտերում մնացել է 11 քաղբանտարկյալ: Սա նշանակում է, որ մեր պայքարն արդյունք տալիս է: Հուսանք Նիկոլի հարցում էլ հաջողություն կգրանցենք»:   

Նշենք, որ ակցիայի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազության շենք, որի առջեւ սկսվել է մեկ այլ՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների բողոքի ակցիան։ Ակցիայի մասնակիցները վանկարկեցին «Նիկոլ», «Ազատություն», «Ամոթ» կարգախոսներն ու պահանջեցին ազատել բոլոր քաղբանտարկյալներին: Դատախազության շենքը վերահսկում էին  մեծ թվով ոստիկաններ:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի