Պեկինի օդանավակայանում Xiamen Air ավիաընկերության օդանավի ուղեւորը հետաքրքրասիրությունից դրդված բացել է վթարային ելքի դուռը, երբ ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի։ Դրա հետեւանքով չվերթը չեղարկվել է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցները։
Ավիաընկերության ներկայացուցիչն ասել է, որ հունիսի 12-ին Պեկինից Սյամեն ուղեւորվող MF8118 չվերթը թռիչքի էր պատրաստվում։ Երբ ուղեւորները զբաղեցրել են իրենց տեղերը, ուղեկցորդուհին, բացատրելով անվտանգության կանոնները, ասել է, որ ոչ վթարային իրադրությունում պետք չէ բացել վթարային ելքը։
Այդ պահին 49-րդ շարքում՝ պատուհանի մոտ նստած կինը բացել է վթարային ելքը։ Ոստիկանությունը 12 օրով կալանավորել է կնոջը, իսկ չվերթը չեղարկվել է։
Միջադեպի պահին օդանավում 113 մարդ է գտնվել։ Նշվում է, որ վերանորոգման նվազագույն արժեքը 100 հազար յուան է։ Կինը պետք է փոխհատուցի պատճառած տնտեսական վնասը։




























