Հայաստանի հանրակրթական դպրոցներում առավոտյան նախաճաշ է ստանում շուրջ 12,500 ցածր դասարանցի աշակերտ: Այն իրականացվում է ՄԱԿ-ի պարենային համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարության համատեղ ջանքերով` «դպրոցական սնունդ» պիլոտային  ծրագրի շրջանակներում: Նոյեմբերի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիս ժամանակ այս մասին հայտարարեց ՄԱԿ-ի համաշխարհային պարենային ծրագրի Մերձավոր Արեւելքի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի մասով տնօրեն Դալի Բելգասմին։

Նրա խոսքով, Հայաստանում անցած ամիս մեկնարկած եռամյա այս ծրագիրը մշակվել  է Ռուսաստանի կառավարության հետ համատեղ։

«Հայաստանում պիլոտային այս նախագծի իրականացման համար ռուսական  կառավարությունը տրամադրել է շուրջ 8 մլն դոլար։ Թեպետ ծրագրի առաջին եւ գլխավոր դոնորը Ռուսաստանն է, սակայն  Հայաստանում «դպրոցական ծրագրի» իրականացմանն աջակցել է նաեւ Իսրայելը, որը պարտավորություն է վերցրել նպաստել ծրագրի շարունակականությանը։ Մենք անում  ենք ամեն բան, որպեսզի երեք տարի անց, երբ ՄԱԿ-ն ու Ռուսաստանն այլեւս չօգնեն Հայաստանին, ձեր երկիրն ինքնուրույն կարողանա շարունակել նախագիծը»,- ասաց  Դալի Բելգասմին՝ միաժամանակ շեշտելով, որ հայ դպրոցականներին առողջ եւ կալորիապես հարուստ նախաճաշով ապահովելու հարցը առայժմ ՄԱԿ-ի պարենային համաշխարհային ծրագրի, Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում է։

NEWS.am-ի հարցին, թե ինչո՞ւ պիլոտային ծրագրի իրականացման համար ընտրվեց հատկապես Հայաստանը, Բելգասմին նշեց, որ դա մեծապես պայմանավորված էր ՀՀ կառավարության վճռականությամբ, երեք կողմերի միջեւ լավ հարաբերություններով։ «Քիչ դեր չխաղաց նաեւ հայկական Սփյուռքի առկայությունը, որը կարող է շարունակել եւ աջակցել այս ծրագրին»։

Հայաստանում ծրագրի համակարգող Մարիա Լուկյանովան էլ իր հերթին տեղեկացրեց, որ ծրագիրն ի սկզբանե մեկնարկել է Տավուշի եւ Գեղարքունիքի 149 դպրոցներում, սակայն որոշ ժամանակ անց կներառի հանրապետության այլ մարզեր եւս։ «Արդեն հաջորդ տարի ծրագրին կմասնակցի 6 մարզերի 700 դպրոցների շուրջ 50 հազար երեխա»,- նշեց Լուկյանովան՝ ավելացնելով, որ իրենց նպատակը հայ երեխաներին առողջ եւ լիարժեք սնունդ տրամադրելն է։ «ՄԱԿ-ի այս ծրագիրն  ամեն օր աշխարհում կերակրում է 2 մլն երեխայի»,- տեղեկացրեց ծրագրի հայաստանյան համակարգողը»՝ նկատելով,որ դա իրենց գործն է, իսկ իրենք այդ գործին լավ են տիրապետում:

Ամփոփելով՝ Մարիա Լուկյանովան նշեց, որ ներկայումս հանրակրթական դպրոցներում ցածր դասարանցիներին  տրվող նախաճաշն իր մեջ ներառում է ոլոռով ապուր, շիլա եւ տաք հաց։ «Հետագայում կլինեն նաեւ Հայաստանում արտադրված, դեղձի կամ ծիրանի միջուկով թխվածքաբլիթներ»։