ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ եթե չդադարեցվեն դելֆինարիումի կառուցման շինարարական աշխատանքները, ապա ինքը եւ բնապահպանական կազմակերպությունները, ինչպես «Վիշապի կոթողներ» այգու դեպքում էր, մուտք գործեն շինհրապարակ եւ անձամբ կփորձեն դադարեցնել աշխատանքները:
«Հաճելի չէ, որեւէ բան քանդելու որոշում կայացնելը: Մենք ամենեւին էլ նրա համար չենք, որպեսզի ապօրինի շինարարություն իրականացնող սեփականատիրոջը վնասներ պատճառենք»,-նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սաֆարյանը:
Նա նշեց, որ գերեզմանների, կամ այս դեպքում պանթեոնի եւ բնակելի շենքերի միջեւ պետք է սանիտարական գոտի լինի, որտեղ չի լինի հասարակական նշանակության եւ ոչ մի կառույց:
«Եթե մենք ուզում ենք ունենալ մի սերունդ, որը գազանանոց կգնա եւ ոտքով չի խփի կենդանու վանդակին` նրան կատաղեցնելու եւ զայրութը տեսնելու համար: Եթե մենք ուզում ենք, որ հասարակությունը զերծ լինի բռնությունից, մենք չպետք է դելֆիների բանտարկությունը եւ նման պայմաններում նրանց կրկեսային խաղը դարձնենք զվարճանքի առարկա»,-հավելեց ԱԺ պատգանավորը:
Նշենք, որ նոյեմբերի 24-ին մի խումբ բնապահպաներ եւ Աժ պատագամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ստեփան Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը քանդել են Երեւանի Նոր-Նորք շրջանի 2-րդ զանգվածի «Վիշապի կոթողներ» կոչվող այգում շինաշխատանքների իրականացման նպատակով կանգնեցված ցանկապատը եւ ծածկել փորված փոսերը:




























