Երեւանում 2016թ. մարտի 14-ի երեկոյան անչափահասի սպանության գործով ամբաստանյալներ Դավիթ եւ Նարեկ Պետրոսյաններն առողջական լուրջ խնդիրներ ունեն: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց հանրային պաշտպան Սյուզան Խչեյանը: Նա նշեց, որ եղբայրների մոտ հաճախ են լինում ճնշման տատանումներ, նրանք ունեն նաեւ սրտի անբավարարություն:

«Նարեկի դատահոգեբանական փորձաքննության արդյունքում նաեւ հաստատվել է, որ նյարդային խնդիրներ ունի՝ լարվածություն կա նրա մոտ: Մի խոսքով, բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնք ՔԿՀ-ում հայտնվելուց հետո գլուխ են բարձրացրել»,-ասաց պաշտպանը:

Սյուզան Խչեյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրները դեպքի պահին ընդամնեը ինքնապաշտպանվել են, քանի որ վիճաբանության ժամանակ հակառակ կողմը 30-ից ավելի է եղել եւ իրենց առաջադրված մեղադրանքը՝ սպանություն, են ընդունում:

Նարեկ եւ Դավիթ Պետրոսյաններին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2016թ. մարտի 13-ին` ժամը 21-ի սահմանում Երեւան քաղաքի Սարի Թաղի 5-րդ փողոցի 67 հասցեում գործող թիվ 47 դպրոցի մոտ վիճաբանության, ապա ծեծկռտուքի ժամանակ իրենց հետ նախապես վերցված «Թիթեռ» տեսակի դանակով կյանքից ապօրինի զրկելու դիտավորությամբ հարվածել են անչափահաս Ա. Բաղդասարյանի սրտին, ինչի հետեւանքով կարճ ժամանակ անց նա մահացել է: Բացի այդ դանակով դիտավորությամբ հարվածներ են հասցրել անչափահաս Սերգեյ Օսիպովին` նրա առողջությանը պատճառել միջին ծանրության վնաս` առողջության տեւական քայքայումով:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 3 հոդվածներով՝ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց նկատմամբ), 113-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (2 կամ ավելի անձանց միջին ծանրության մարմնական վնաս պատճառելը):