Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ գտնվող անձանց դեղորայքի եւ առողջապահության հետ կապված հարցերը խայտառակ վիճակում են: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Ազգային ժողովում այսօր քննարկվում էր Քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի ապահովման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը:
«Դատապարտված անձանց հետ մեր հանդիպումների ժամանակ արձանագրել ենք նույն խնդիրները, դրանք բուժսպասարկման ծայրահեղ վատ վիճակն է, որը արձանագրված է նաեւ Ձեր զեկույցում: Առանցքային խնդիրներից էր մասնագետ բժիշկների պակասը, մենք բարձրացնում ենք խնդիրներ, որոնք ենթադրում են նաեւ օրենսդրական կարգավորում»,-ասել է Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորի պնդմամբ՝ դատապարտյալները զրկված են նվազագույն դեղերից:
«Մենք հանդիպել ենք դեպքերի, որ բժիշկը լաբարատոր պայմաններում, տնայնագործական պայմաններում իրար է խառնում դեղաբույսեր եւ պատրաստում է դեղորայք՝ ցավազրկողներ: Դեղորայքը լրջագույն խնդիր է ՔԿՀ-ներում»,-նշել է Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը առաջարկում է , որ օրենքով ՔԿՀ-ների համար սահմանվի պարտադիր դեղորայքի ցանկ:





























