Սեպտեմբերին Առողջապահության նախարարությունը կսկսի կազմել ծխելու դեմ պայքարի ծրագիրը եւ աշխատանքը կավարտի մեկ ամսվա ընթացքում: Հունիսի 15-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի կարեւոր կետերից մեկը կդառնա հասարակական վայերում ծխելու արգելքը: Վկայակոչելով հասարակական կազմակերպությունների գնահատականները՝ նա նշեց, որ Հայաստանի բնակիչների 80 տոկոսը հանդես են գալիս ծխելու դեմ խիստ միջոցառումների օգտին, 20 տոկոսը՝ դեմ: «Տուգանքներն ինչպիսին կլինեն՝ ես չեմ դատողը: Այն պետք է հաշվարկեն տնտեսագետները, իրավաբանները եւ հոգեբանները»,- հավելեց Ալթունյանը: