Անհնար է Լեռնային Ղարաբաղը ռազմական ճանապարհով հայերից ազատել: Այս մասին հունիսի 15-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց համազգային շարժման անդամ, փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի իրավիճակը եւ կարգավիճակը փոխվել են: «Այսօր առկա է Ադրբեջանի հստակ դիրքորոշումը, որը միջազգային ոչ մի փաստաթղթին չի համընկնում: Ադրբեջանի դիրքորոշումը հետեւյալն է՝ Լեռնային Ղարաբաղում հայեր չպետք է լինեն: Բաքուն փորձում է խնդիրը ռազմական ճանապարհով լուծել»,- նշեց Իգիթյանը՝ շարունակելով, որ բանակցային գործընթացի համար պետք է վստահության պայմաններ լինեն:
«Իսկ Ադրբեջանի ամենօրյա ագրեսիայի պայմաններում բանակցություններն անհնար են: Այսօր հայկական կողմը պետք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ուղղությունը փոխի: Այս մասին ասում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հակամարտող կողմերը պետք է հարգեն խաղաղությունը: Մենք միջազգային բոլոր ատյաններում պետք է բարձրացնենք Ադրբեջանի ագրեսիվ մոտեցման հարցը, առավել եւս, որ Բաքուն ամեն օր կրակում է Հայաստանի ուղղությամբ՝ խաղաղ բնակիչների համար սպառնալիք ներկայացնելով»,-ընդգծեց Հովհաննես Իգիթյանը:
Նրա համոզմամբ՝ սա պատերազմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, սա Ադրբեջանի կողմից ահաբեկչություն է: «Ադրբեջանը դարձյալ կդիմի՞ արկածախնդիր գործողությունների: Կարծում եմ՝ այո: Ի՞նչ ծավալով: Դժվար է ասել, դա կախված է Հայաստանի եւ Ղարաբաղի բանակներից»,- ամփոփեց նա:





























