Երեւանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամ Street Workout-ի Հայաստանյան ֆեդերացիան կազմակերպել  էր «Mix Battle Fest 2017» փառատոնը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ներկաներին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից` քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նշել է, որ վերջին տարիներին բազմապատկվել են մայրաքաղաքում անցկացվող մարզական միջոցառումներն ու փառատոները, որոնցից մեկն էլ «Mix Battle Fest 2017»-ն է:   

Սթրիթ վորքաութը միջազգային երիտասարդական սպորտային ուղղություն է, որը հիմնվում է սեփական քաշի ծանրությամբ մարմնամարզական գործիքների վրա եւ առանց գործիքների կատարվող ուժային վարժությունների վրա: Այս փառատոնը  փողոցային մի շարք մարզաձեւերի ու պարային ոճերի համադրում է: Այն մեր մայրաքաղաք ներմուծված համեմատաբար նոր մարզաձեւ է, որի նպատակը ցուցադրական հագեցած ելույթներով պատանիների եւ երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպ խթանելն է: Քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը նաեւ նշել է, որ արտասահմանյան ծագում ունեցող մի շարք մարզաձեւեր Երեւանում տարեցտարի  մեծ տարածում են ստանում, եւ այդ առումով պատահական չէ, որ «Mix Battle Fest 2017»-ն արդեն 2-րդ տարի է, ինչ ընդգրկվել է նաեւ  Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրում:

Տարեցտարի մասնակիցների թիվն ավելացնող  «Mix Battle Fest 2017»-ն ուղեկցվել է ժամանակակից պարային ռիթմերով: Լավագույն կատարումների հեղինակները խրախուսվել են մրցանակներով: Մարզական  շոուն ավարտվել է դիսկոտեկով: