Առաջնագծում իրադրությունը ամբողջությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների մշտական վերահսկողության ներքո. նախորդ տարվա ապրիլյան սրացումներից հետո ընկած զարգացումների հետ համեմատած իրավիճակը հանգիստ է: Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում նշել է Արցախի ՊԲ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը:
Նրա խոսքով, հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր լինում են, բայց ոչ նախկին ինտենսիվությամբ. «Հիմնականում կիրառվում են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ որոշ դեպքերում էլ՝ ականանետեր: Անհրաժեշտության դեպքում ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմում են կանխարգելիչ գործողությունների եւ ճնշում հակառակորդի ակտիվությունը»:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից անցկացվող զորավարժություններին, որոնց ընթացքում կիրառվում են նաեւ իրենց զինանոցում եղած այնպիսի զինատեսակներ, ինչպիսինք, օրինակ, «ТОС» տիպի հրանետային կայանքները, Սենոր Հասրաթյանն ասել է. «Զորավարժությունը զինված ուժերի մարտավարամասնագիտական պատրաստության բարձրացման կարեւոր բաղադրիչներից է, եւ այն պարտավոր է կիրառել յուրաքանչյուր բանակ: Այլ հարց է, թե տվյալ բանակը որքանով է արդյունավետ օգտագործում նշված բաղադրիչը եւ ինչ նպատակ է հետապնդում դրանով: Չէի ցանկանա թերագնահատել մեր հակառակորդի կողմից անցկացվող նման միջոցառումները, բայց նաեւ անհնար է չնկատել դրանց վերաբերյալ անընդհատ շրջանառվող տեղեկատվությունների հաճախականությունը, որից ավելի շատ քարոզչական եւ, ըստ այդմ, հոգեբանական ներազդեցության տպավորություն է ստեղծվում, քան՝ արդյունավետ գործընթացի:
Ինչ վերաբերում է զորավարժությունների ընթացքում արդիական զինատեսակների կիրառմանը, ապա դա եւս բնական է: Ի դեպ Ադրբեջանը նման զինատեսակներ էր օգտագործում նաեւ ապրիլյան քառօրյային նախորդած շրջանի զորավարժություններում, սակայն կյանքը ցույց տվեց, որ մի բան է դրանց կիրառումը փորձադաշտում, մեկ այլ բան՝ մարտադաշտում: Այնպես որ մեր համապատասխան ծառայությունները ուշադիր հետեւում են հակառակորդի ճամբարում տեղի ունեցող զարգացումներին եւ ժամանակին կատարում դրանցից բխող անհրաժեշտ քայլեր»:





























