Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին չի կարող սխալ բան ասել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով Սվիտալսկու՝ Հայաստանում ընտրական գործընթացներին ուղղված քննադատությանը։

Նշենք, որ այսօր «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովի  քննարկման ժամանակ Պյոտր Սվիտալսկին քննադատել էր Հայաստանում ընտրական գործընթացները՝ նշելով, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը արժանահավատ չէ եւ պետք է ընդգրկվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայտարարել  է նաեւ, որ իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին։

«Սվիտալսկին չի կարող սխալ բան ասել, որովհետեւ նա մակարդակ ունեցող անձնավորություն է եւ դրանով է պայմանավորված, որ ինքը գտնվում  է մեր երկրում։ Ելնելով մեր էսօրվա  վարքագծից, շարժից, որքան էլ ուզենա շատ բաներ չասել, գոնե էդ մեկը կարող է ասել, ինչի մասին ասել է։ Անկախ Սվիտալսկու խոսքերից՝ ես ինքս ասում եմ՝ էս «Ընտրական օրենսգիրքը» Հայաստանի Հանրապետություն ամենաահավոր օրենսգրքերից էր, քանի որ ցանկացած ընտրական տարածքում նույն կուսակցությունը բազմաթիվ ներկայացուցիչ կարող է առաջադրել, որը ստեղծում է թշնամություն։ Եթե կանխավ այդպես է մտածված եղել «Ընտրական օրենսգիրքը» ուրեմն նշանակում է,  հասկացել են՝ ինչ են անում»,–ասել է Վարդան Բոստանջյանը։

Անդրադառնալով  արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի այն արձագանքին, թե Սվիտալսկին միջամտում է ՀՀ ներքին գործերին, պատգամավորն ասաց. «Գումար կարելի է տալ, բայց միջամտել չի կարելի՞։  Սա միջամտություն չէ, մեզ հրավիրում է ավելի քաղաքակրթված հարաբերությունների, ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ գնացեք ինչ ուզում եք արեք, կարծում եք՝ Սվիտալսկին հիմա նստած դարդ է անո՞ւմ»։