Հայաստանի ԱԻՆ-ը պարզաբանում է ներկայացրել, թե ինչու է օպտիմալացվում Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգը:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից Կառավարությանը ներկայացված «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն», «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունները միացման ձեւով վերակազմակերպելու եւ «Սեյսմիկ պաշտպանության արեւմտյան ծառայություն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերանվանելու մասին կառավարության որոշման նախագծի վերաբերյալ՝ ՀՀ ԱԻՆ-ը պարզաբանում է…
1988թ.-ի Սպիտակի երկրաշարժից հետո, դեռեւս 20-րդ դարի վերջին ձեւավորվեց սեյսմիկ մոնիթորինգի Ազգային դիտացանցի համակարգը: Այսօր այն կարիք ունի արդիականացման եւ համապատասխանեցման միջազգային բարձր չափանիշներին: Սեյսմիկ մոնիթորինգի համակարգի օպտիմալացումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության եւ վերը թվարկված պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գույքագրման, նրանց գործառույթների ու խնդիրների արդիականացման եւ կիրառվող տեխնոլոգիաների թվայնացման նպատակով:
Հարկ է նշել, որ օպտիմալացվում են ոչ թե մասնագիտական գործունեություն իրականացնող ստորաբաժանումները, այլ ադմինիստրատիվ ապարատը. միավորվելու են միմյանց գործառույթները կրկնող ստորաբաժանումները, ինչը հնարավորություն կտա ավելի արդյունավետ կառավարել վերոնշյալ ՊՈԱԿ-ներին տրամադրվող ֆինանսական ռեսուրսները եւ մարդկային ներուժը, նվազեցնել ծախսը: Հատկանշական է, որ հիմնականում կրճատվում են թափուր հաստիքները, այլ ոչ թե՝ աշխատակիցները:
Ներկայացվող նախագծով տրվող կարգավորումների նպատակն է օպտիմալացման, վերակազմակերպման, կառուցվածքային եւ հաստիքային բարեփոխումների, խնդիրների վերաբաշխման միջոցով ապահովել ՀՀ ԱԻՆ կազմում գործող մարմինների եւ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների գործունեությունը եւ առաջադրված նպատակների առավել արդյունավետ իրականացումը: Նախատեսվում է բարելավել եւ արդիականացնել իրականացվող սեյսմիկ հետազոտությունների որակը, որպեսզի դրանց հիման վրա հետագայում հնարավոր լինի կանխատեսումներ անել: Ակտիվանալու է նաեւ համագործակցությունը միջազգային ոլորտում, ինչի շնորհիվ կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներն ու միջազգային մասնագիտական փորձը:




























