Մալայզիայի պետական ներդրումային հիմնադրամից հափշտակված միջոցներով Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի կնոջ համար 22 կարատ քաշով վարդագույն հազվագյուտ ադամանդով մանյակ է ձեռք բերվել։ Reuters-ը, վկայակոչելով ԱՄՆ Արդարադատության նախարարության քաղաքացիական հայցը, հաղորդում է, որ Malaysia Development Berhad հիմնադրամից հափշտակված շուրջ 30 մլն դոլարով Մալայզիայի վարչապետի կնոջ՝ Ռոզմահ Մանսորի համար թանկարժեք մանյակ է ձեռք բերվել։ 

Հայցում վարչապետի անունը չի նշվում։ Գնորդին անվանում են «Մալայզիայի №1 պաշտոնյա»։ Սակայն ԱՄՆ-ի եւ Մալայզիայի կառավարություններում աղբյուրները հաստատել են, որ խոսքը վարչապետին է վերաբերում։ Մանյակն արժե 27.3 մլն դոլար։

ԱՄՆ Արդարադատության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ հիմնադրամից 4,5 մլրդ դոլար է առեւանգվել։ Նշվում է, որ հիմնադրամը 2009 թվականին հիմնադրել է Ռազակը՝ Մալայզիայի տնտեսական զարգացման նպատակով։