«Օրենքով գող» Սերգեյ Ասատրյանը (Օսետրինա կրտսեր կամ Սերգեյ Բենթլի), որը վերջերս առեղծվածային ձեւով անհետացել էր «Վլադիմիրսկի ցենտրալ» բանտից, հայտնաբերվել է։ Հիմա նա Մոսկվայում է, «Բուտիրկա» քննչական մեկուսարանում։ Թե ուրիշ ինչ արկածներ կհորինի Ռուսաստանի Պատժամիջոցների իրականացման դաշնային ծառայությունը «օրենքով գողի» համար, դեռ հանելուկ է մնում, հայտնում է «ՌՈսբալտը»։
Մայիսի վերջին Մոսկվայի քաղաքային դատարանը քննում էր Ասատրյանի դատավճռի վերաբերյալ բողոքարկումը՝ նրա բացակայությամբ։ Նախօրեին Ասատրյանն անհետացել էր «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարանից։ Պարզվել է, որ Օսետրինա կրտսերին գաղտնի ձեւով տեղափոխել են ռուսական ամենախիստ ռեժիմի բանտերից մեկը՝ «Վլադիմիրսկի ցենտրալ»։ Լսումների ժամանակ նա ելույթ է ունեցել տեսակապի միջոցով։ Ասատրյանի դատավճիռը ուժի մեջ են թողել։ Դրանից հետո ակնկալվում էր, որ նրան ուղարկելու են «գաղտնի» գաղութներից մեկը՝ պատիժը կրելու։ Բայց երբ Մոսկվայի քաղաքային դատարանի որոշումից անմիջապես հետո փաստաբանները եկել են «օրենքով գողի» մոտ, հայտնաբերել են, որ նա անհետացել է բանտից ու Պատժամիջոցների իրականացման դաշնային ծառայությունն էլ չէր կարողացել բացատրել, թե որտեղ է նա։
Պարզվել է, որ Օսետրինա կրտսերին ոչ թե գաղութ էին ուղարկել, այլ Մոսկվա վերադարձրել՝ «Բուտիրկա» քննչական մեկուսարան։ Տեղի ունեցածի պաշտոնական բացատրությունը միանգամայն տարօրինակ էր ՝ «օրենքով գողին» մայրաքաղաք էին ուղարկել նրա գործով լսումներին մասնակցելու։ Ընդ որում այդ լսումներն արդեն անցել էին, իսկ դատավճիռն ուժի մեջ էր մտել։ Հայտնի է, որ Ասատրյանի տեղափոխությունների մասին բոլոր որոշումները ՊԻԴԾ-ն է կայացնում, որը ակնհայտորեն փորձում է «կոտրել» այդ «օրենքով գողին»։ Եվ նրան Մոսկվայի քննչական մեկուսարան վերադարձնելը, որտեղ նա մասնակցել է մի շարք կոնֆլիկների այլ «օրենքով գողերի հետ», նույնպես այդ ծրագրի իրականացման փուլերից է։ Կա նաեւ այլ տարբերակ։ Մայրաքաղաքում «օրենքով գողին» անակնկալ է սպասվում՝ նոր քրեական գործի տեսքով, որի շրջանակում Օսետրինա կրտսերի ներկայությունը պահանջվել է քննչական գործողություններ անցկացնելու համար։
Հայտնի է, որ օպերատիվ ծառայության աշխատակիցները երկար ժամանակ գաղտնալսել են Ասատրյանի հեռախոսազրույցները, իսկ վերջինն էլ առանձնապես չէր «կոդավորում» իր զրույցները։ Հենց գաղտնալսումների արդյունքով էլ ջրի երես է դուրս եկել դրամաշորթության մասին գործը, որի համար «օրենքով գողը»դատապարտվել է ինը տարվա ազատազրկման։ Թե ուրիշ ինչ գործերի մասին է հայտնի դարձել Ասատրյանի հեռախոսազրույցներից՝ անհայտ է։
Իր նկատմամբ այդքան խիստ վերաբերմունքի Օսետրինա կրտսերը արժանացել է քանի որ բանտերում աննախադեպ ակտիվություն էր ցուցադրել։ 2017-ին «Բուտիրկա» քննչական մեկուսարան էր ժամանել մաֆիոզի Ահմեդ Եվլոեւը (Ահմեդ Կուզիկը)։ Նրա հանցավոր տիտղոսը արդեն կասկածի տա կ էր դրվել մի շարք «քրեական գեներալների» կողմից, այդ թվում Զախարիա Կալաշովի՝ Շակրո մոլոդոյի։ Հայտնի է, որ անցած բանտարկության ժամանակ Կուզիկը չէր ներկայացել «օրենքով գող»։ Սակայն այս անգամ օգնությունը հասել է միանգամայն անսպասելի կողմից։ Այդ ժամանակ «Բուտիրկայում» գտնվող Սերգեյ Ասատրյանը տարածել է խոսակցություններ այն մասին, որ մեկուսարան են բերել Ահմեդին, որին պետք է «օերնքով գող» համարել։
Այդ նույն մեկուսարանում էր գտնվում Դաթոն, որը զրույցներից մեկի ժամանակ զրուցակցին հայտնել էր «օրենքով գող» Լաշա Բարատելիի մասին բացասական կարծիք, որը արտահայտել էր «քրեական գեներալ» Լաշա Շուշանաշվիլին։ Ահմեդ Կուզիկը Դաթոյից ներողություն էր պահանջել։ Վերջինին պաշտպանել էր Շուշանաշվիլիի կլանը, որը Ահմեդին խնդրել էր ոչ մի գործողություն չձեռնարկել։ Սակայն նա չի լսել ու ծեծել է Դաթոյին։ Այդ միջադեպը միանգամից իրարանցում էր առաջացրել քրեական աշխարհում։ Բանն այն է, որ Ահմեդ Կուզիկն ու «օրենքով գող» Լաշա Բարատելին Մերաբ Ջանգվելաձի կլանից են, որը Լաշա Շուշանշվիլիի ոխերիմ թշնամին է։ Շուշանաշվիլու կլանում ընդունել են, որ Կուզիկը սխալ էր բոլոր հարցերում։ Նախ՝ Դաթոն Բարատելիին հայտնել էր ոչ թե իր անձնական տեսակետը, այլեւ մյուս «օրենքով գողերի» տեսակետները՝ նրանց իսկ խնդրանքով։ Երկրորդ՝ Ահմեդ Կուզիկը, որը «օրենքով գող» չէ, իրավունք չուներ դատել Դաթոյի արարքը։
Սկսվել էր պարզաբանումների շարք՝ այդ թվում Սերգեյ Ասատրյանի մասնակցությամբ։ Նա շտապել էր հայտնել, իբրեւ այդ խոսակցությունները տարածելով՝ ինքը չգիտեր, որ Կուզիկը բազմաթիվ «մեղքեր» ունի ու որ նրա տիտղոսը հարցականի տակ է։
Հետո Օսետրինա կրտսերին տեղափոխել են «Մատրոսկայա տիշինա» քննչական մեկուսարան, որտեղ նա մի շարք «ռազբորկաներ» է սկսել այնտեղ գտնվող մյուս «օրենքով գողերի» հետ, մասնավորապես Տալեխ Դագլիեւի՝ Տոլիկ Նոգինսկու հետ։ Արդյունքում նրան ուղարկել են «Վլադիմիրսկի ցենտրալ»։





























