Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի, առևտրի սպասարկման կանոնակարգման բաժնի պետ Մանվել Մովսիսյանն եւ իր ենթակաները հայտնվել են դատարանում՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով:

Նախաքննությամբ պարզվել է, որ Մովսիսյանը բացօթյա առևտրով զբաղվող, սակայն իրականում համապատասխան թույլտվություն չունեցողներից իր երկու ենթակաների օժանդակությյամբ 2010թ.-ից մինչև 2015թ. հոկտեմբերը ներառյալ յուրաքանչյուր օր ստացել է գումարներ:

Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով): Նրա ենթականերին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Մովսիսյանն ու իր ենթականերից մեկը գրավի դիմաց են ազատ արձակվել, իսկ մյուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: