Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այժմ գտնվում է մի զինծառայող, որի վիճակը կայուն ծանր է: Այս մասին NEWS.am-ին ասաց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Թե ով է այդ զինծառայողը, ինչ հանգամանքներում ու երբ է վիրավորվել, Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց որեւէ բան ասել:
Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը մեզ հետ զրույցում նույնպես հրաժարվեց խոսել այդ մասին: Ի դեպ, մեր տեղեկություններով, երեկ հակառակորդի կրակոցի հետեւանքով նաեւ երկու զինծառայող է վիրավորում ստացել: Նրանց տեղափոխել են Երեւան:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին հակառակորդի կրակոցի հետեւանքով նույն վայրում 3 զինծառայող է զոհվել: Ըստ ՊԲ պաշտոնական տեղեկատվության՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:





























