Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում 2016թ. հուլիսի 9-ին սեփական տանը Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի ինքնասպանությունից հետո հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: NEWS.am-ի հետ զրույցում Վաչիանի գյուղապետ Ֆեդյա Թորոսյանը նշեց՝ չնայած գրեթե մեկ տարի նախաքննությունը շարունակվում է, սակայն, դեռ ոչ մի բացահայտում չկա քրեական գործով:
«Միակ մեղադրայլի ինքնասպանությունից հետո շարունակում են քննությունը, բայց ոչ մի նորություն էլ չկա»:
Ֆեդյա Թորոսյանը նշեց, որ կնոջն ու 3 երեխաներին կորցրած Վաղինակ Քաչոտյանն այժմ գյուղում չէ. գնացել է Ռուսաստանի Դաշնություն, թե ինչո՞ւ է հեռացել գյուղից, գյուղապետ պատասխանեց. «Արտագնա աշխատանքի է, գյուղում պահող ոչ մի բան չկա արդեն...»:
Չնայած գյուղից հեռացել է, Վաղինակ Քաչոտյանը շարունակում է պայքարը՝ բացահայտելու, թե ովքեր են մեղավոր իր երեք երեխաների եւ կնոջ սպանության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քաչոտյանների ընտանիքի 4 անդամների սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովը 2016թ. օգոստոսի 27-ին կալանավայրում ինքնասպան է եղել
Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 5, 13, 18 տարեկան երեխաներին, 2016թ. հուլիսի 10-ին, հարազատները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանին Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, գյուղի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական ճանապարհը:
Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը՝ ծխից մրոտված:
Ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում էր` արտագնա աշխատանքի:




























