Հունիսի 17-ին, ժամը 18-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողները «Հաղթանակ զբոսայգում» /Ազատության պող., 2/ ծառայության ընթացքում նկատել են, որ 47-ամյա Հունան Ա.-ն դռան ապակին կոտրելու միջոցով, նշված վայրում կայանված, 27-ամյա Էդգար Ե.-ին պատկանող «Հոնդա Ֆիթ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է Էդգար Ե.-ի ընկերուհու` 25-ամյա Անթառամ Ա.-ի 15.000 դրամ արժողության պայուսակը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պայուսակի մեջ եղել է Անթառամ Ա.-ի անձնագիրը, սոցքարտը, 10.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր, այցեքարտեր, ՀՀ Ազգային գրադարանի ընթերցատոմս, ականջակալ, հեռախոսի լիցքավորիչ, տան բանալիներ, Էլեկտրական կրիչ, լուսանկարներ եւ 20.000 դրամ արժողության հարդարման պարագաներ ու նստելով նույն վայրում կայանված «Օպել» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենան՝ փորձել է հեռանալ, սակայն բռնվել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 6-րդ վաշտի ծառայողների կողմից:
Հունան Ա.-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, որտեղ խուզարկությամբ տաբատի գրպանից հայտնաբերվել է ֆիքսվող շեղբով ծալովի դանակ:
Նշանակվել է քրեագիտական փորձաքննություն:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:





























