Այս տարի հայերը մեծամասնություն են կազմում Բերբանկի դպրոցներում անգլերեն սովորողների շրջանում։ Երկար տարիներից հետո առաջին անգամ անգլերեն սովորող հայերի քանակն ավելի շատ է, քան իսպանացիներինը, հայտնում է The Burbank Leader-ը։

Անգլերեն ուսումնասիրող 1700 դպրոցականների 38 տոկոսը հայերենի կրողներ են ու 37 տոկոսը՝ իսպաներենի։ Ըստ մարդահամարի տվյալների՝ եւս 7 տոկոսը արաբերեն է խոսում, 4 տոկոսը՝ ռուսերեն, 3 տոկոսը՝ տագալերեն ու մեկ տոկոսը՝ կորեերեն։ Պաշտոնյաների տվյալներով, 1500 ուսանողների 61 տոկոսը տանը անգլերեն է խոսում։ Նահանգի օրենքներով, եթե տվյալ շրջանում անգելերեն սովորողների քանակը գերազանցում է 50-ը, անհրաժեշտ է ստեղծել հանձնաժողով, որը  դպրոցական ծրագրերի մասին խորհրդատվություն կտրամադրի դպրոցների խորհրդին ու աշխատակազմին։

Տեղի իշխանությունները նաեւ աշխատում են այն դպրոցականների ծնողների հետ, որոնք այլ երկրներից են Բերբանկ ժամանել ու սովորում են 11 ու 12-րդ դասարաններում։

Դպրոցների խորհրդի անդամ Արմոն Աղախանյանը նշել է, որ ինքն էլ է  տարիներ առաջ ԱՄՆ տեղափոխվելուց հետո անգլերեն սովորել ու  տեղի համայնքներից մշտապես դրական արձագանք է ստանում այս նախաձեռնության մասին։