ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են տարեց կնոջը կողոպտելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինծառայողին:

2016թ. դեկտեմբերի 16-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, Երեւան քաղաքի շենքերից  մեկի մոտ բացահայտ հափշտակել են տարեց կնոջ դրամապանակը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ժամկետային զինծառայող, 20-ամյա կուրսանտ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 20-ամյա կուրսանտը, գտնվելով արձակուրդում,  2016թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի շենքերից մեկի մոտ տարեց կնոջ ձեռքից քաշելու միջոցով բացահայտ հափշտակել է վերջինիս դրամապանակը, որի մեջ եղել են կանխիկ գումար եւ դեղահաբեր, ապա՝ դիմել փախուստի:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ կուրսանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան