Առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու մեջ մեղադրվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վանիկ Վարդանյանը հարցաքննվել է:  NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 22-ին, նրա շահերի պաշտպան Ռուբեն Հակոբյանը նշեց, որ իր պաշտպանյալը հարցաքննվելիս սպառիչ պատասխաններ է տվել քննիչին հետաքրքրող հարցերին. «Չեմ կարող մանրամասներ ասել, քանի որ նախաքննական գաղտնիք է»:

Ռուբեն Հակոբյանի խոսքով, Վանիկ Վարդանյանը պատրաստ է առերեսումների, սակայն, որեւէ առերեսում դեռ չի եղել:

«Իմ պաշտպանյալը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, քանի որ իր գործողություններում բացակայում է կաշառք վերցնելու դրվագը»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ նույն գործով կալանավորվել է նաեւ նույն դատարանի նախագահ Աղվան Պետորսյանը եւ դատախազ Սեւակ Շհոյանը: Հիշեցնենք, որ այս գործը կապված է տարիներ առաջ՝ 2014-ին կալանավորված անչափահաս Գոռ Գալստյանի հետ։ 2014 թվականի հուլիսի 25-ին Վարդենիսում զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության եւ դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Գ.Գ.-ի արարքը որպես ինքնապաշտպանություն որակելուն նպաստելու համար Սեւակ Շհոյանը մեղադրյալի ծնողներից 2015 թվականի հունիսին պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով` 1.880.000 դրամին համարժեք 4000 դոլար կաշառք: Սակայն գումարը ստանալուց հետո դատախազը խոստումը չի կատարել, եւ Գ.Գ.-ն 2015 թվականի հուլիսի 1-ին կալանավորվել է:

Հավաքված բավարար ապացույցների համակցության հիման վրա դատախազին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` մեղադրյալի օգտին գործողություն կատարելու համար նրա ծնողներից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու համար: