Ազգային ժողովում այսօր՝ հունիսի 22-ին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի «պադեզդների» հիշատակմանն արձագանքել են «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:
Վահրամ Բաղդասարյանը ընդդիմադիր խմբակցության նորընտիր պատգամավորներին հորդորել էր հիշել Վահան Հովհաննիսյանի խոսքը https://news.am/arm/news/396615.html «պադեզդների» մասին: Դրանից հետո երկու խմբակցությունների ղեկավարները վիճել էին:
Վարման կարգով խոսք վերցնելով՝ Նիկոլ Փաշինյանը հորդորեց ՀՀԿ-ին եւ Սերժ Սարգսյանին բացատրել, թե ինչ կապ ունեն իրենք պաշտպանության նախարարի տեղակալ Վահրամ Խորխորունու եւ ոստիկանության պետի տեղակալ Գեւորգ Մհերյանի հետ՝ «պադեզդներում» տեղի ունեցածի կապակցությամբ:
«Եթե մեզ նման բան են հիշեցնում, ուզում եմ Սերժ Սարգսյանին եւ խորհրդարանական մեծամասնությանը հիշեցնել Ռումինիայի եւ նրա նախագահ Չաուշեսկուի ճակատագրի մասին»,- Վահրամ Բաղդասարյանին դիմեց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը ստիպված էր բացատրել, որ Վահան Հովհաննիսյանը հայտարարել էր, որ մարդիկ կան, այնքան հեղինակություն չունեն, որ կվախենան մութ մուտքերով բարձրանալ: Սա կրքերը հանդարտեցնելու փոխարեն ավելի բորբոքեց: Գեւգր Գորգիսյանը վարման կարգով հայտարարեց, որ իրենց նորընտիր պատգամավորներն այնքան հեղինակություն ունեն, որ իրենց հավաքած ձայներով խորհրդարան են անցել:
«Ձեր ասածը վերաբերում էր ձեր խմբակցությանը, երբ ուսխորհուրդներով գալիս, հասնում են այստեղ՝ սրան-դրան քսմսվելով ու ձեզ չհամեմատեք մեզ հետ»,- ասաց ընդդիմադիր խմբակցության քարտուղարը:
Հիշեցնենք, որ 2013-ի մայիսին կառավարության ծրագրի մասին ելույթ ունենալիս ՀՅԴ-ական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը դիմելով իշխանություններին, ասել է. «Ձեր մեջ կան մարդիկ, որոնք չարախնդում են ընդդիմության պառակտումների վրա, առաջին հանրապետության անկումի վրա: Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղերք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»:





























