«Ես նկարում եմ Պետերբուրգը»  միջազգային մրցույթում հաղթած դպրոցականներին հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին մասնակցած Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանն ու Մոլդովան ներկայացնող ավելի քան 1000 դպրոցականներից հաղթող են ճանաչվել 38-ը, որոնցից 14-ը՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության մշակութային կրթօջախների սաներն են:

Գեորգի Պոլտավչենկոն շնորհակալություն է հայտնել փոքրիկ նկարիչներին Սանկտ Պետերբուրգի հանդեպ ցուցաբերած անկեղծ հետաքրքրության համար: Նա նշել է, որ մրցույթը հնարավորություն է ընձեռնել ավելի շատ բան իմանալու ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի մասին, ինչպես նաեւ ձեռք բերելու ընկերներ՝ տարբեր երկրներից: Հանդիպման ավարտին Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հուշանվերներ է հանձնել երեխաներին եւ մաղթել, որ աշխարհը ճանաչելու ցանկությունը երբեք չլքի նրանց:

Հարկ է նշել, որ մրցույթի հաղթող երեխաների համար նախատեսված է մշակութային հագեցած ծրագիր, այդ թվում ճանաչողական այցելություններ Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրեր, Պուշկինո, Պետերգորֆ եւ այլն: Բացի այդ, երեխաները կմասնակցեն նաեւ սանկտպետերբուրգյան «Ալ առագաստներ» տոնակատարությանը:

«Ես նկարում եմ Պետերբուրգը» մրցույթի հաղթող երեւանցի երեխաները Երեւան կվերադառնան  հունիսի 25-ին: