Արագածոտնի մարզի Թլիկ գյուղում փետրվարի 26-ին 20-ամյա տաքսու վարորդի սպանության գործով նախաքննությունը շարունակվում է, նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով մեղադրյալ Վարդան Հովսեփյանի պաշտպան Աշոտ Հովսեփյանը:
Պաշտպանը կրկին հիշեցրեց, որ Վարդան Հովսեփյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում, գործել է «անհրաժեշտ պաշտպանության սահմաններում»:
«Գործով վկաներ կան, նրանցից մեկի եւ իմ պաշտպանյալի միջեւ առերեսում է եղել: Իմ պաշտպանյալը, սակայն, պնդում է, որ այդ վկան ուղղորդված ցուցմունք է տվել, նրա ասածն իրականությանը չի համապատասխանում»,- ասաց պաշտպանը:
Թե կոնկրետ ինչ ցուցմունք է տվել այդ վկան, Աշոտ Հովսեփյանը նշեց, որ դա նախաքննական գաղտնիք է համարվում: Ի դեպ, այդ վկան Թլիկի բնակիչ է:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2017թ. փետրվարի 26-ին Արագածոտնի մարզի Թլիկ գյուղի վարչական տարածքում՝ գյուղամիջյան ճանապարհին, հայտնաբերվել է Երևանի բնակիչ, 20-ամյա Կարլեն Գրիգորյանի դիակը՝ մարմնի տարբեր շրջաններում կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներով:
Դեպքի վայրի զննությամբ Թլիկ գյուղ տանող ճանապարհի մոտ՝ դիակի հայտնաբերման վայրից 400 մետր հեռավորության վրա, հայտնաբերվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա, իսկ մեքենայի կողքին՝ մեկ հատ դանակ: Սպանությունը կատարելու կասկածանքով Թլիկ գյուղի մոտակայքից բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել Գյումրի քաղաքի 25-ամյա Վարդան Հովսեփյանը։
Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորված է։





























