Հայաստանում մեկնարկած ռուսաց լեզվի միասնական քննությունների շրջանակում հունիսի 23-ին 547 դիմորդ «Ռուսաց լեզու» առարկայի քննությունն է հանձնում։ Այս մասին Ջոն Կիրակոսյանի անվան համար 20 դպրոցում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին կապերի բաժնի ղեկավար Արա Իսպիրյանը։

Նրա խոսքով՝ այսօր միասնական քննությունների վերջին օրն է։Իսպիրյանի խոսքով՝ Հայաստանում կգործի 12 քննական կենտրոն, Արցախում՝ 1։

«Այս տարի ընդհանուր առմամբ քննություններն անցել են հանգիստ պայմաններում, քանի որ քանի պրոցեսուալ եւ բովանդակային խնդիրներ չենք ունեցել։ Եթե արդյունքները համեմատենք նախորդ տարիների հետ, կարելի է ասել, որ մասնակիցների թիվի մի փոքր անկում է  նկատելի։ «Ռուսաց լեզու» լեզու առարկայից դիմորդների թիվն աստիճանաբար կրճատվում է։ Բացի այդ, վերջին ժամանանկներում այդ առարկայի քննությունները, ի տարբերություն այլ օտար լեզուների, բարձր արդյունքներով աչքի չեն ընկնում», - նշեց Արա Իսպիրյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանում պետական ավարտական եւ միասնական քննությունները մեկնարկում են հունիսի 2-ից։ Հունիսի 2-ին տեղի են ունեցել «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» եւ «Ընդհանուր պատմություն», հունիսի 6-ին՝ «Ֆիզիկա», հունիսի 9-ին՝ «Օտար լեզուներ», հունիսի 13-ին՝ «Մաթեմատիկա», հունիսի 16-ին՝ «Հայոց պատմություն» եւ հունիսի 20-ին՝ «Քիմիա» առարկաների քննությունները։ 

Նշենք, որ քննություններից հետո դիմորդները քննության դահլիճից դուրս կգան ձեւաթղթերով եւ արդեն կես ժամ անց նրանք կկարողանան ԳԹԿ-ի կայքում՝ atc.am-ում, տեսնել թեստերի պատասխանները։ Իսկ gtk.am կայքում գրանցվելով՝ դիմորդը քննության արդյունքները կստանա իր էլեկտրոնային փոստի հասցեին։