Կոտայքի մարզում ծանոթի կողմից 5 հազար դրամ պարտքը չվերադարձնելու համար վերջինիս մեքենան գողանալու եւ 2.5 մլն դրամով վաճառելու մեջ մեղադրվող Կարենը տուգանվեց 500 հազար դրամով:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Կարենը հայտարարեց, որ ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքն ու միջնորդեց արագացված դատական քննություն անցկացնել: Տուժողն ու մեղադրողը չառարկեցին: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Դատավորը Կարենին մեղավոր ճանաչեց Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ տուգանեց 500 հազար դրամով:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. փետրվարի 8-ին լուսադեմին Կարենն իր ծանոթից պահանջել է վերադարձնել 5 հազար դրամ պարտքը, սակայն վերջինս դա չի արել: Կարենը վիճաբանել է նրա հետ, այնուհետեւ բացահայտ հափշտակել նրա մեքենան ու վաճառել 2 մլն 500 հազար դրամով:




























