Մերի Մարգարյանին կեսարյան հատում անելու բացարձակ ցուցում չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց գործով ամբաստանյալ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: «Որեւէ ցուցում չի եղել, որ կնոջ կյանքը վտանգելով՝ կատարենք ծննդալուծում: Ենթադրաբար վիրահատություն անելը, թե անենք, հետո կերեւա, չէր կարող լինել, ցանկացած վիրահատություն պետք է հիմնավորված լինի»,- ասաց ամբաստանյալը:
Հետաքրքիր է, որ դատարանում ցուցմունք տված մասնագետներից մի քանիսն ավելի վաղ հայտարարել էին, որ հուլիսի 27-ին առավոտյան արդեն ցուցում կար Մերի Մարգարյանին կեսարյան հատում անելու եւ այդ դեպքում հնարավոր էր փրկել եւ մոր, եւ երեխայի կյանքը:
Նշենք, որ Մերի Մարգարյանի մոտ սկզբում պտղաջրերը եղել են նորմայի սահմաններում, իսկ ավելի ուշ արդեն չափավոր են եղել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցին, թե դա պատճառ չէր ծննդալուծման, Շուշանիկ Բախշյանը պատասխանեց. «Չափավոր պտղաջրերը հնարավոր է՝ լիներ ջերմության ֆոնին»:
Նշենք, որ ավելի վաղ Շուշանիկ Բախշյանը հայտարարել էր, որ ՀԵԼԼՓ-ի կամ հեստոզի որեւէ կասկած չի եղել, որովհետեւ դրանց լաբորատոր դրսեւորումները բացակայում էին: Ի դեպ, «Շենգավիթ» բժշկական կենտրոնում Մերի Մարգարյանի մոտ 2015թ.-ի հուլիսի 27-ին ախտորոշվել էր արյունազեղում հարցականով, այդ պատճառով էլ նա տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց: Այդ ախտորոշումը գործում առկա նյութերում հերքվել է:
Հայտարարվեց ընդմիջում, որից հետո կշարունակվի Շուշանիկ Բախշյանի հարցաքննությունը:
Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015թ. հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ Հաջորդ օրը հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: Հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» ԲԿ-ում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:
Այս գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:




























