Այս տարի Սեւանից պետք է ավելի շատ ջուր վերցնել, հակառակ պարագայում Արարատյան դաշտի այգիների ու ցանքատարածությունների շատ հեկտարներ առանց ջրի կմնան։ Այս մասին հունիսի 27-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղնախարարությանն առընթեր Ջրային տնտեսության պետկոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
Նա նշեց, որ ջրամբարներում ոռոգման ջուրը բավական չէ։ Ամենախոշոր Ախուրյանի ջրամբարը նախորդ տարի լի էր, իսկ այժմ ջուրը չի բավարարում։ Նույնն է նաեւ Ազատի ջրամբարի պարագայում։ Գարնանն անձրեւները պետք է ձյունը ջրի վերածեին, բայց այս տարի անձրեւները քիչ էին, եւ ձյունը վերածվեց ոչ թե ջրի, այլ գոլորշու։
«Մենք ստիպված ենք նախատեսվածից ավելի շատ ջուր վերցնել, սակայն դա լճին չի խանգարի։ Լճի ջրի մակարդակն առանց այդ էլ բարձրանում է»,- ընդգծեց Հարությունյանը։





























