Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների տարածքում ծառայողական ու քաղաքացիական զենքի տեղաշարժի համաձայնագրի վավերացումը։ Համաձայնագիրը կնքվել է Երեւանում 2016 թվականի մայիսի 20-ին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Համաձայնագրի ազդեցությունը տարածվում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վրա, որոնք ծառայողական ու քաղաքացիական զենքի տեղաշարժ ու ներքին տարանցում են իրականացնում՝ դրա իրացման, սպորտային միջոցառումներին մասնակցության, որսի, ցուցահանդեսներին ներկայացնելու, փորձարկումների, վերանորոգման նպատակով»,- օրինագիծը պատգամավորներին ներկայացնելով՝ ասել է Ղազախստանի ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մարատ Դեմեուովը։

Նրա խոսքով՝ թույլտվության փաստաթղթերը տրվում են ԵՏՄ անդամ երկրների համապատասխան մարմիններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հաստատած միասնական ձեւաչափով։

Փաստաթուղթը ենթադրում է ԵՏՄ անդամ երկրների համապատասխան մարմինների փոխգործողությունը, ներառյալ՝ տրված թույլտվության փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում։ Համաձայն փոխնախարարի՝ դա թույլ կտա ԵՏՄ անդամ երկրներին վերահսկել քաղաքացիական ու ծառայողական զենքի շրջանառությունը։ 

Այժմ օրինագիծը պետք է քննարկի Սենատը: