Կապանի բժշկական կենտրոնի բժշկի կողմից 18-ամյա աղջկա նկատմամբ հիվանդանոցում բռնաբարության փորձ կատարելու գործը քննվում է դռնփակ:

NEWS.am-ի տեղեկություններով, նման միջնորդություն է ներկայացրել տուժող կողմը, որն էլ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է: Նշենք, որ դատաքննության ընթացքում արդեն իսկ հարցաքննվել է տուժողը եւ մի քանի վկաներ:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2017 թվականի հունվարի 17-ի լույս 18-ի գիշերը Անուշավան Կ.-ն ոգելից խմիչք օգտագործած վիճակում Կապանի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում բուժվող աղջկա կամքին հակառակ բժիշկների սենյակում փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ:

Աղջիկը դիմադրել է` հրել, կծել է նրա ձեռքերը, բաժակով ջուրը լցրել է նրա վրա, ինչի հետեւանքով բժիշկը իր հանցավոր մտադրությունը իր կամքից անկախ հանգամանքներում ավարտին չի հասցրել:

Անուշավան Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ Բռնաբարության փորձ:

Անուշավան Կ.-ն կալանավորված է: