ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջեւ այսօր՝ հունիսի 28-ին, ստորագրվել է «Հայաստանի Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության փրկարարական ծառայության կարողությունների զարգացման ոլորտում 2017-2018թթ. Համագործակցության ծրագիր» եռակողմ համաձայնագիրը:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը ստորագրեցին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը:
Ծրագրի նպատակն է սահմանամերձ համայնքների բնակչության պաշտպանությունն ու բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացումը:
Ծրագրով նախատեսվում է սահմանամերձ համայնքներում գործող Արտակարգ իրավիճակների նախարարության հենակետերում իրականացնել առաջին բուժօգնության վերապատրաստման դասընթացներ, ինչը թույլ կտա տեղում գործող ուժեղացված փրկարարական ուժերին ավելի արագ եւ արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին: Նախատեսվում է նաեւ վերապատրաստման դասընթացներ անցկացնել համայնքների մանկապարտեզների եւ դպրոցների մանկավարժական կազմի հետ, որպեսզի վերջիններս էլ իրենց հերթին սովորեցնեն երեխաներին անվտանգության վարքականոնները տարատեսակ աղետների եւ արտակարգ իրավիճակների ժամանակ: Բնակչության պաշտպանության եւ պատրաստվածության դասընթացների կարեւորագույն բաղադրիչներից է նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի ուսուցանումը:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ ԱԻ նախարարը նշեց.
-Սահմանամերձ համայնքներում բնակչության պաշտպանությունն ու պատրաստվածությունը յուրահատկություններ ունեցող ոլորտ է, եւ շատ կարեւոր է, որպեսզի բնակիչները պատրաստված լինեն տարատեսակ արտակարգ իրավիճակներին արձագանքելուն: Սա իրական աջակցություն է համայնքներին, վերջիններիս դիմակայունության բարձրացման հարցում:
ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դույեզը եւ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանն իրենց խոսքում նույնպես շեշտեցին դիմակայուն սահմանամերձ համայնքներ ունենալու կարեւորությունը՝ պատրաստակամություն հայտնելով այս հարցում սերտորեն գամագործակցել ՀՀ ԱԻ նախարարության հետ:





























