Ոստիկանությունը բացահայտել է հունիսի 27-ին, Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում կատարված ավազակային հարձակումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 27-ին, ժամը 1.40-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Շամիրամ գյուղի տներից մեկի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 1.30-ի սահմաններում, դիմակավորված անձինք պատուհանով մուտք են գործել գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել տան անդամներին ու պահանջել գումար, սակայն վերջիններիս բղավոցի ձայներից ու դիմադրություններից իրենց մտադրությունը խափանվել է և ոչինչ չտանելով՝ դիմել են փախուստի:

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը:

Կարճ ժամանակ անց, ձեռնարկված ծավալուն միջոցառումների արդյունքում, ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երկու անձի:

Վերջիններս ձերբակալված են:

Ոստիկանությունը ունի տեղեկություններ, որ նրանց հետ այլ մարդիկ էլ են եղել: Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և որոնողական միջոցառումներ հանցագործությանը մասնակից մյուս անձանց ևս հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: