Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրեշավոր արարք է գործել՝ ընդունելով Ռուսաստանից հակասեմական Ալեքսանդր Պրոխանովին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետություն այցելած իսրայելցի քաղաքագետ, հասարակական գործիչ Ավիգդոր Էսկինը։
Նրա խոսքով՝ ոչ մի համաշխարհային առաջնորդ իրեն նման բան թույլ չէր կարող տալ։ «Ես իմացել եմ, որ ընդամենը երկու օր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, որը եթե գործընկեր չէ, ապա որոշ հարցերում, ամեն դեպքում, Իսրայելի համար որպես գործընկեր հանդես եկող անձ է (զենքի, նավթի վաճառք), եւ չնայած շատ բաների համար պետք է երախտապարտ լիներ մեր երկրին, ցուցադրական, պետական մակարդակով ընդունում է Ռուսաստանից հայտնի հակասեմական Ալեքսանդր Պրոխանովին»,- նշեց Էսկինը։
«Նրան ընդունում է Ադրբեջանի նախագահը, իսկ հետո առանձին՝ նախագահի կինը։ Ինչի՞ մասին է դա խոսում։ Խոսում է այն մասին, որ այստեղ շատ լուրջ խնդիր կա։ Չի կարելի խաղաղություն կառուցել եւ գրկախառնվել ատելությամբ լցված մարդկանց հետ»,- ընդգծեց Ավիգդոր Էսկինը։




























