«Իգլայի» գործով նախաքննության ավարտից հետո կողմերը դեռ գործի նյութերին են ծանոթանում, որից հետո նոր պարզ կլինի՝ միջնորդություններ կներկայացվեն, թե ոչ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանը: Նա նշեց, որ գործի նյութերը 10 հատոր են եւ հնարավոր է՝ մի քանի օրից  գործի նյութերի ծանոթացման գործընթացն ավարտվի եւ գործն ուղարկվի դատարան:

Հիշեցնենք, որ «Իգլայի» գործով կալանավորված Սամվել Բաբայանի մեղադրանքը  նախաքննության ավարատին մեղմացվեց, այնուհետեւ նրան նոր մեղադրանք առաջադրվեց՝  ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 1-ին մասով՝ փողերի լվացում, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով եւ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով կամ առանց դրա: Այժմ նա մեղադրվում է երկու հոդվածով՝ ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով եւ ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանին առաջադրված մեղադրանքները նախաքննության ավարտին մեղմացվել էր: Նրան առաջադրված մեղադրանքներից հանվել է  ՀՀ ՔՕ 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ՝ Ռազմամթերքի մաքսանենգություն,  նրանք այժմ մեղադրվում են միայն ՀՀ ՔՕ 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որոնք կատարվել են մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ՝ այն պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Նույն մեղադրանքն է առաջադրվել գործով մյուս կալանավորվածներ Արմեն Պողոսյանին, որի  նկատմամբ ի սկզբանե որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: