Կոռուպցիան մարդկության հետ ծնվել է, մարդկության հետ էլ առաջ է գնալու, բայց Հանրապետակն կուսակցությունը դրա դեմ պայքարում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանին։

Նշենք, որ նախօրեին  Արամ Սարգսյանը NEWS.am–ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության ծրագրում ամրագրված կոռուպցիայի դեմ պայքարին,  հայտարարել էր, թե  իշխանությունը չի կարող կոռուպցիայի դեմ պայքարել, քանի դեռ 10  հազար դրամ ընտրակաշառքով է ձեւավորել իշխանություն։

«Դա քաղաքական գործչի կարծիք է, մեր առջեւ խնդիր էր դրված անցկացնել նորմալ առանց խախտումների ընտրություններ։  Մենք պետք է համեմատական անցկացնենք նախորդ տարիների եւ էս տարվա միջեւ,  միջազգային դիտորդական խմբերը, դեսպանատները իրենց գնահատականը տվեցին թե՛ նախընտրական քարոզարշավի ընթացքին, թե՛ ընտրության օրվան, որ ընտրական տեղամասում խախտումներ չեն եղել։ Եթե նման դեպքեր  եղել են, համապատասխան մարմինները մինչ այսօր քննությունը տանում են»։

Հարցին՝ Հանրապետական կուսակցության իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամք ունի՞, իշխանության ներկայացուցիչը պատասխանել է. «Միանշանակ, գիտեք կոռուպցիան մարդկության հետ ծնվել է, մարդկության հետ էլ առաջ է գնալու, չկա նման երկիր, որ չլինի կոռուպցիա։ Հանրապետական կուսակցությունը պայքարել ու շարունակում է պայքարը կոռուպցիայի դեմ »։

Ըստ պատգամավորի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ապացույցները ձերբակալվող չինովնիկներն են։ Իսկ թե ինչու են իրավապահների թիրախում միայն ցածր օղակի չինովնիկները եւ ոչ թե բարձրաստիճանները,  պատգամավորը պատասխանել է. «Ուրեմն չկա, որ չեն ձերբակալում»։