Եվրոպայի հարավում տնտեսական իրավիճակի վատացման ֆոնին սիցիլիական մաֆիան առեւտրային հնարավորություններ է որոնում Գերմանիայում, հայտնում է Guardian թերթը։

Մաֆիոզ կլանները, բախվելով ֆինանսական խնդիրների Իտալիայում, տեղափոխվում են Գերմանիայի առավել բարեկեցիկ շրջաններ։

Շինարարության սիցիլիական շուկան մաֆիայի բիզնեսի ամենակարեւոր ոլորտներից է։ Իտալիայի իշխանությունների տվյալներով, այդ ոլորտը ամենաշատն է տուժել տնտեսական ճգնաժամից՝ 2007-ից սկսած շինարարության ոլորտում եկամուտները 90 տոկոսով կրճատվել են։

Սիցիլիայում իտալական ֆինանսական ոստիկանության ներկայացուցչի խոսքով, իտալական մաֆիան վերջին տարիներին Գերմանիայում է ներդրումներ անում։ Ինչպես եվրոպական մյուս օրինական ընկերությունները՝ նրանք նույնպես այստեղ շատ շահավետ հնարավորություններ են տեսնում։

Հունիսի 21-ին իտալական ֆինանսական ոստիկանության ու քրեական հետախուզության գերմանական դեպարտամենտի համատեղ գործողության ընթացքում Գերմանիայի հարավ- արեւմուտքում ձերբակալվել է 19 ենթադրյալ թմրադեղերի վաճառողներ։ Քննության վարկածներով, հանցագործները աշխատում են Գերմանիայում Մոնդինո ընտանիքի՝ սիցիլիական մաֆիոզ խմբավորման պատվերով: 

Թերթի տվյալերով մաֆիան աշխատել է Բադեն Բյուրտեմբերգ հողում՝ Ֆրանսիայի ու Շվեյցարիայի սահմանին։ Այդ գերմանական հողը համարվում է երկրի ամենահարուստ վարչական միավորներից մեկը։ Այդ տարածքում նաեւ գտնվում է բազմաքանակ իտալական համայնք, որը ձեւավորվել է անցած դարի 50-70-ականներին։